Posted in Պատմություն

Պետական կարգը և տնտեսության զարգացումը Արշակունիների օրոք

 Հայ ազնվականության համաձայնությամբ և աջակցությամբ հայոց գահին պարթև Արշակունիների մի ճյուղի հաստատումով և ժամանակի ընթացքում ժառանգական հայկական արքայատոհմ դառնալով՝ հայոց պետական համակարգը շարունակեց հայկական պետականության՝ հազարամյակների խորքից եկող ավանդույթները: Դա պայմանավորված էր հայկական պետության կառավարման համակարգի բնիկ ծագումնաբանությամբ: Հայաստանում շարունակվեց թագավորական իշխանությունը, բանակը նույնպես մնում էր երկրի պաշտպանության հիմնասյունը,պահպանվում էր իշխանական` նախարարական տների և ծառայողական ազնվականության աստիճանակարգը:
 Տրդատ 1-ին Արշակունու ժամանակներից պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Երկրի կառավարման բուրգը գլխավորում էր թագավորը, որի իշխանությունն անսահմանափակ էր: Նրան էին ենթարկվում դեռևս նախորդ դարաշրջաններում առաջացած արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավարում էր երկրի տնտեսությունը և շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դատական և այլ բնագավառներին վերաբերող գործերը: Մեծ Հայքի թագավորության վարչական բաժանումն ավանդաբար համապատասխանում էր աշխարհների` նահանգների՝ բնականից գավառաբաժանման վրա հիմնված պետական,մասնատիրական և համայնքային սեփականատիրությանը գերագույն տիրոջ` թագավորի տնօրինությամբ:
  Տնտեսության զարգացումը: Բնակչությունը, քաղաքները և գյուղական բնակավայրերը: Արշակունիների գահակալության առաջին հարյուրամյակները նշանավորվեցին տնտեսության վերելքով: Հատկապես նշանակալից տեղաշարժեր եղան Տրդատ 1-ին, Սանատրուկ և Վաղարշ թագավորների օրոք:
  Տրդատ 1-ինը շինարարական մեծ աշխատանքներ էր կատարել՝ զարկ տալով հատկապես քաղաքային և տաճարային տնտեսությունների զարգացմանը: Դրա վկայությունն են հռոմեական լեգեոնների կողմից ավերված Արտաշատի վերականգնումը, հնուց գոյություն ունեցող Գառնի ամրոցում շինարարական աշխատանքները (որոնք հետագայում շարունակել է Տրդատ 3-րդը ) և հատկապես պաշտամունքային տաճարի կառուցումը, ինչի մասին վկայում է Գառնիում Տրդատի թողած հունարեն արձանագրությունը:
  Սանատրուկ թագավորի օրոք մեծ ուշադրություն էր դարձվում առևտրական կապերի զարգացմանը: Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող մայրուղու վրա կառուցված Մծուրք քաղաքն այդ մասին է վկայում: Նմանապես քաղաքաշինության մեծագույն վաստակ ունի հայոց արքա Վաղարշ 1-ինը, որը հիմնեց Վաղարշապատ մայրաքաղաքը: Վաղարշապատի աշխատանքները շարունակվեցին նաև հետագայում: Միևնույն ժամանակ հինավուրց Արտաշատը շարունակում էր մնալ որպես մայրաքաղաք: Հայաստանի մյուս քաղաքներից շատերը՝ Վան,Երվանդաշատ, Զարեհավան, Զարիշատ, Կարին, Մուշ, Արճեշ և այլն, պահպանում էին իրենց տնտեսական, մշակութային և արհեստների կենտրոն լինելու նշանակությունը:
  Հայաստանը պահպանում էր իր ազգաբնակչության միատարր ժողովրդագրական կազմը: Միջազգային ասպարեզում առևտրական և մշակութային շփումները փոխհարստացնում էին մշակութային կյանքը: Քաղաքներում հայկական բնակչության կողքին օտարների առանձին խմբեր էին (հույներ, ասորիներ, իրանցիներ և այլն) ապրում, որոնք հիմնականում զբաղվում էին առևտրով: Խաղաղ ժամանակաշրջաններում քաղաքային կյանքը բնորոշվում էր մշակութային և առևտրա-տնտեսական վերելքով:
 Հայաստանում զարգացած էր գյուղատնտեսությունը (երկրագործություն, այգեգործություն, մեղվաբուծություն, անասնապահություն և այլն), ուստի բնակչության մեծ մասը ապրում էր գյուղերում, որտեղ հիմնականում պահպանվում էր համայնքային կյանքը:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s