Posted in Պատմություն

Ջուղայի խաչքարեր

Հին Ջուղայի գերեզմանատունը նշանավոր էր խաչքարերով։ Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով, 1648 թ այն ունեցել է շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար։ 1903-1904 թթ Ջուղայի տարածքով անցկացված երկաթուղու շինարարության ընթացքում դրանց կեսը անվերադարձորեն ոչնչացվեցին։ Ամենավաղ շրջանի խաչքարերը թվագրվում են 9-10-րդ դդ, դրանք փոքրածավալ են, սակավ քանդակազարդ ու վիմագրված։ Խաչքարերի հաջորդ խումբը վերաբերում են 15-րդ դարերի կեսերից սկսած մինչև 16-րդ դ կեսերին, իրենց կազմությամբ ու հարդարանքով, վիմագրչությամբ ու պատկերաքանդակներով արվեստի աչքի ընկնող օրինակներ են։ Երրորդ և ամենաստվար խմբի խաչքարերը, որ ստեղծվել են 16-րդ դ կեսերից մինչև 1605 թ, աչքի են ընկնում մշակման կատարելությամբ ու բազմազանությամբ, իրական և երևակայական զարդաձևերով, հորինվածքների բարդություններով։ Ջուղայի խաչքարերը սովորաբար առանց պատվանդանների են՝ անմիջապես կանգնեցված են հողի մեջ։ Բոլորն անխտիր վերից վար ունեն գրեթե հավասար լայնություն և 2 Մ միջին բարձրություն ու թողնում են քառակող կոթողների տպավորություն։ Խաչքարի հորինվածքի մեջ, խաչի գրաված կենտրոնական մասը ավելի խորաքանդակ է, ուր մեկ խաչապատկերից բացի հաճախ տեղավորված են 2-ից 4 խորաններով խաչապատկերներ։ Քիվերին տեղավորված են Քրիստոսի ու ավետարանիչների, Աստվածամոր, սֆինքսների և այլ բարձրաքանդակներ, ստորին մասերում՝ արձանագրություններ, հեծյալ Ս. Գևորգի կամ էլ հանգուցյալների պատկերաքանդակներ։ Տարածված են նաև բազմաթիվ մեծ ու փոքր, գեղեցիկ ու բազմաբնույթ կենցաղային քանդակներով պատած խոյաձև տապանաքարեր։Ջուղայի խաչքարերն իրավամբ կարելի է դասել հայ բարձրարվեստ մշակույթի միջնադարյան կոթողների շարքին։

Advertisements