Posted in Հայաստանի մայրաքաղաքներ, Հայրենագիտություն

Երևան

Երևան, Հայաստանի մայրաքաղաք: Գտնվում է Արարատյան դաշտում՝ Հրազդան գետի ափին՝ գետը ներառելով իր մեջ: Մշտական բնակչության քանակով, որը 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմում է ավելի քան 1 միլիոն 68 հազար մարդ[6], Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է՝ Հայաստանի պատմության ընթացքում[7]։

Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում[8][9]: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը[10]: Միջնադարում քաղաքը մտել էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ՝ Կոտայք գավառի սահմաններում[11]: 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանը կդառնա 2800 տարեկան:

Posted in Հայաստանի մայրաքաղաքներ, Հայրենագիտություն

Անի

Անի, Բագրատունիների թագավորության մայրաքաղաք 961-1045 թվականներին, գտնվում է Շիրակում՝ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ։ Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։

Բագրատունիների թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում։ Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից։ Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք։ Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն։ Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961 թ հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց։

Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը։ Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը։ Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը։

Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար։ 963-964 թթ կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը (Աշոտաշեն պարիսպներ)։ Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989 թ, անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը (Սմբատաշեն պարիսպներ)։

«Չեմ սխալիր, եթե ըսեմ,- գրում է նշանավոր ճարտարապետ Թորամանյանը,- որ մոտավորապես 2500 մեթրեն ավելի երկարությամբ պարիսպ է շինված Սմբատի ձեռքով քաղաքի շուրջը, առնվազն 8-10 մետր բարձրությամբ և մեկ մետր թանձրությամբ, ամբողջովին կրաշաղախ մածուցիկ հրաբխային ավազաքարերով, երկու կողմերը սրբատաշ։

Ճարտարապետական հոյակապ շինություններով մայրաքաղաքի կառուցապատումը շարունակվեց նաև հետագա տասնամյակներում։ Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, իջևանատներ։ Այնտեղ կառուցվել էին տասնյակ եկեղեցիներ, տաճարներ, պալատներ, շքեղ հյուրանոցներ, աշխարհիկ բազմաթիվ այլ շենքեր։ Ժողովրդի ասելով՝ Անին ուներ հազար ու մի եկեղեցի։ 961 թ Աշոտ Ողորմածը դարձնում է Անին իր երկրի մայրաքաղաքը։ 989 թ Սմբատ Բ արքան կառուցում է Սմբատաշեն պարիսպը, որն ուներ 2500 մ երկարություն, 8-10 մ բարձրություն։ Այն ավարտվում էր ատամնաշարով։ Պատերից մեկի վրա Սմբատ Բ-ի քանդակն էր, ձեռքում՝ քաղաքի մանրակերտը։

Քաղաքն ունեցել է 40 դուռ, ամրոցը շրջապատվել է խորը փոսով։ Ախուրյան գետի վրա կառուցվել է կամուրջ, որը թշնամու հարձակման ժամանակ բարձրացվում էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ, ըստ արհեստների, զբաղեցնում էին ամբողջական թաղամասեր։ Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500 – 4000 քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ Գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։

Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Անիի զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնությունն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ, պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26 մ բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։

Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։ Չինաստանից ներմուծվում էր մետաքս և ճենապակի, Բյուզանդիաից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակեղեն, ներկեր, Պարսկաստանից՝ ճենապակի և այլն։ Անին նաև արդյունաբերող քաղաք էր. այստեղ արտադրվում էին բարձրորակ խեցեղեն, պղնձե իրեր, գորգեր, ոսկուց, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեղեն, զենք, որոնք լայն պահանջարկ ունեին։ Անիի պեղումների ընթացքում հայտնաբերված կիրառական արվեստի նմուշները աչքի են ընկնում բազմազանությամբ, ոճերի և ճաշակների խայտաբղետությամբ։

Քաղաքում գործել են բազմաթիվ դպրոցներ, որոնցից հռչակված էր Հովհաննես Իմաստասերի կողմից հիմնած համալսարանը

Posted in Հայաստանի մայրաքաղաքներ, Հայրենագիտություն

Դվին

Դվինի տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: Այն եղել է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը:

Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում` մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու, Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս:

Դվինը դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի:

Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը
վերածվում է տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առևտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայրն էր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր:
Արաբական արշավանքների հետևանքով 7-րդ դարի վեջին Դվինը եւ ամբողջ Հայաստանը ընկավ արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը (Հայաստան, Վրաստան, Աղվանք): Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչեւ 893 թ. ավերիչ երկրաշարժը:

Բնական աղետից հետո կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվեց և արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ:

1045թ. Դվինը գրավվեց բյուզանդացիների կողմից: Շուտով քաղաքը եւ Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության ներքո: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները:

Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ. մոնղոլական զորքերի կողմից: